«Իրազեկ առողջապահություն» ծրագիրը Գյումրիում

Մեկնարկեց «Իրազեկ առողջապահություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող իրազեկման սեմինարների շարքը, որոնցից առաջինը անցկացվեց Գյումրիում։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում։
Բացման խոսքով հանդես եկավ «ՀՕՖ բժշկական շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ բժիշկ-ալերգոլոգ Արմինե Հակոբյանը, ով ներկայացրեց ՀՕՖ բժշկական շրջանավարտների ասոցիացիա»-ի գործառույթները և այն հնարավորությունները, որոնք ասոցիացիան ընձեռում է բժիշկներին։
Այնուհետև ներկայացվեց «Իրազեկ առողջապահություն» ծրագիրն ու վերջինիս նպատարկները ու հետագա քայլերը: <<Մենք նպատակ ունենք բարձրացնել հազվադեպ հանդիպող ժառանգական անգիոայտուց հիվանդության վերաբերյալ բժիշկների տեղեկացվածությունը, դրանով իսկ մեծացնելով հիվանդների ճիշտ և ժամանակին ախտորոշումը, հետագա վարումը, ինչպես նաև բարձրաձայնել հիվանդների խնդիրները>>, նշեց ՀՕՖ ԲՇԱ նախագահը:
Միջոցառման մասնակից բժիշկներ Մարիամ Մովսիսյանը և Սևան Իրիցյանը ներկայացրեցին ժառանգական անգիոայտուց հիվանդության ընթացքի, ախտորոշման և բուժման հետ կապված, ինչպես նաև հիվանդության հազվադեպ լինելու հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: Բարձրացնելով բժիշկների տեղեկացվածությունը՝ նման հիվանդների հայտնաբերման հավանականությունը կարող է մեծանալ, ինչը թույլ կտա ստեղծել հիվանդների բազա և միջազգային կազմակերպությունների օգնությամբ գտնել լուծումներ հիվանդների կյանքի որակը բարելավելու ուղղությամբ: Արարողությանը ներկա էին ներկայացուցիչներ Շիրակի մարզի մարզպետարանի առողջապահության վարչությունից, բժիշկներ Շիրակի մարզի տարբեր բժշկական կենտրոններից և պոլիկլինիկաներից։ Սեմինարից հետո մասնագետները իրակացրեցին նախապես գրանցված հիվանդների անվճար զննում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *