2 տար առաջ առաջին անգամ ժառանգական անգիոայտուցով հիվանդ Փառանձեմը դիմեց մեզ և պատմեց իր ընտանիքի պատմությունը : Պարզվեց, որ ընտանիքի անդամներից մի քանիսը ևս տառապում են ժառանգական անգիոայտուց հիվանդությամբ, սակայն ապրում են արտերկրում և համապատասխան դեղորայքի շնորհիվ կարգավորում են հիվանդության ընթացքը Մենք հասկացանք, որ կարևոր պարտականություն ունենք որպես հայ բժիշկներ ելք գտնել Հայաստանում բնակվող նման հիվանդների համար։ Երբ դու բժիշկ ես և հիվանդի օգնության միակ հույսն ես, իսկ քո 《ձեռքերը կապված են》, քանի որ երկրում չկա ոչ ախտորոշիչ հնարավորություններ, ոչ դեղորայք, սկսում ես նոր լուծումներ փնտրել։ Հենց այդ ժամանակ սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը և առաջացավ միտք նախաձեռնել Ժառանգական անգիոայտուց Հայաստան/HAE Armenia ծրագիրը Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների ասոցիացիան /ՀՕՖ ԲՇԱ / միավորեց երիտասարդ բժիշկներին և իր վրա վերցրեց մի կարևոր առաքելություն: ՀՕՖ ԲՇԱ –ն սկսեց բժիշկներին և հանրությանը այս հիվանդության մասին իրազեկելու գործընթացը,՝ կյանքի կոչելով 《Իրազեկ առողջապահություն》ծրագիրը։